Tuesday, September 21, 2010

Իմ հեռու, հեռավոր բարեկամ

Հիմա արդեն տարիների հեռավորությունն այնքան շատ է, որ ես արդեն մոռացել եմ թե ինչքան եմ կարոտել քեզ:  Սովորել եմ ապրել առանց քեզ:  Մի ժամանակ մենք անբաժանելի էինք, ամեն օր կողք կողքի.... իսկ հիմա լոկ քո անունն է մնացել իմ ներսում իմ փոստարկղերի գաղտնաբառերի տեսքով:  Այսինքն օրվա ընթացքում ես քո անունը հիշում եմ բազմաթիվ անգամ: Անվանդ հետ մեկտեղ հիշում եմ քեզ: Իսկ դու... Իսկ դու երևի ինձ մոռացել ես /եթե իհարկե դու էլ ինձ պես չես վարվել/ :

Ինչևէ, բախտը մեզ նետեց կյանքի օվկիանի տարբեր ափերում, ու հիմա մեզ բաժանում են մայրցամաքն ու օվկիանոսը: Ու ես ուզում եմ այս հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից բղավել " Իմ հին ընկեր, ես հիշում եմ քեզ"

Monday, September 13, 2010

ՄԻ ՄԵՂՍԱԳՈՐԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առաջ ես ամենաճշմարտախոս մարդն եմ եղել, մանկությանս տարիներին երբեմն պատահել են մանկական ստեր, սակայն գիտակցական տարիքում եղել եմ ճշմարտախոս, երբեք չեմ կարողացել խաբել մարդկանց:
Լինելով բավականին բարձր ընդունակությունների տեր մարդ  /սա ես մեջբերում եմ ուրիշների խոսքից/   ես նկատել եմ, որ իմ ճշմարտախոսությունն ինձ ավելի շատ փորձանքի մեջ է գցում, քան օգնում: Ես ինձ միշտ նմանեցնում էի “Հալածված առաքյալը” պիեսի գլխավոր հերոսին` մանչուկին: Նա լինելով ճշմարտասեր, խելացի և իմաստուն, չի համակերպվում այն մտքի հետ որ իր ծնողները կարող են հանգիստ ստել, և դեռ իրենց էլ փորձում են դաստիարակել այդպես: Սակայն հայրը վիճաբանության ժամանակ ասում է նրան հետևյալը –“…ինձ հաց տվող հիմարկին էլ ճշմարտություն պետք չէ: Այնտեղ գեղեցիկ խոսքեր պետք է ասես, որպեսզի գայթակղես, պայմանագրեր կնքես ու բնավ չկատարես: Գնա փողոց քո այդ ճշմարտությամբ, տեսնենք ով կլսի քեզ կամ կգովի?: Սովը քեզ էլ կստիպի ստել: Անկեղծ ու ներշնչված այնպես կստես սիրելիս, երբ փորդ կպնի մեջքիդ:”

Այդպես էլ եղավ ինձ հետ, երբ մի օր հանկարծ նկատեցի որ շատ բան եմ սկսում կորցնել: Մարդիկ , որոնք կոպիտ ասած բացարձա անարժան էին, կարողանում էին ստի միջոցով հասնել այն բարձունքներին, որ ես էի երազում նվաճել: Ես մնում էի ստվերում: Այդժամ ես սկսեցի Ստել:

Սկզբում դժվար էր, հետո վարժվեցի, կարող էի ամեն ինչ անել, սակայն միշտ էլ նեսրումս խղճիս հետ խնդիրներ էի ունենում, բայց իմ համար կարևորն այն էր, որ կարողացա հասարակության մեջ մնալ: Լինելով ինքնամփոփ, կարողացա անմիջապես հայտնվել իրադարձությունների կենտրոնում, ու լինել առաջինը, որովհետև կարողացա ճիշտ գնահատել իրավիճակը, թե երբ ինչ է պետք ասել, անել, մտածել, համոզել…

Ամեն գիշեր քնելուց առաջ որոշում էի, որ պետք է փոխվեմ, դառնամ առաջվանը, բայց հաջորդ օրն իսկ իմ ազնվությունը ինձ նետում էր մի նոր ու բարդ փորձանքի մեջ, կորցնում էի իմ դիրքը, հաջողություններս: Միայն սուտն էր, որ ինձ հանում էր այդ բարդ իրավիճակից;
Հետո կամաց կամաց սկսեցի մոռանալ թե ինչպիսին եմ եղել, դարձա այն ինչ երազում էի, սակայն ոչ այն ճանապարհով, ինչը ուզում էի ընտրել:
Ստելուս օժանդակում էր այն հանգամանքը, որ ամաչկոտ էի, ինքնամփոփ: Հաճախ էի ամաչում ասել այն ինչ ուզում էի ասել իրականում:

Ու թաղվեցի ստի մեջ, դադարեցի հավատալ ինքս ինձ: Սկսել էի խաբել ինքս ինձ անգամ:
 Սակայն հաջողությունն ուղեկցում էր ինձ: Ինձ ճանաչում և ընդունում էին: Ես ԵՍ էի: Ես կարողանում էի իմ մի սուտը այնպես ծածկել մյուսով, որ երբեք չէին կարող բացահայտել, սակայն դա մի շղթա էր, մեկը մյուսին ծածկելով պիտի կարողանայի միշտ չոր դուրս գալ իմ ստեղծած “Անձրևի” տակից:

Անձնական կյանքս այդպես էլ չէր դասավորվում, քանի որ ես խաբում էի նաև նրանց ում սիրում էի: Դրան նպաստում էր այն հանգամանքը, որ իմ կյանքում փոխադարձ սեր չկար: Նրանց ում սիրում էի, ինձ կամ չէին սիրում, կամ ձևացնում էին: Ու ես հանգիստ խղճով հարկ եղած դեպքում խաբում էի նրանց: Գնալով ավելի էի ընկնում հուսահատության մեջ, քանի որ մենակությունը  անտանելի էր դառնում: Կողքիս չկար մեկը, ով կսիրեր ինձ այնպես, ինչպես ես իրեն:

Ամենօրյա իմ խաբեությունների դիմաց փորձում էի ինչ որ կերպ քավել իմ մեղքը:  Օգնում էի մարդկանց ինչով կարողանում էի, անշահախնդրորեն: Օգնում էի, մյուս կողմից խաբում, նորից օգնում, շարունակում խաբել: Իմ նշանաբանն էր դարձել “Ես երջանիկ եմ, երբ մարդիկ երջանիկ են” : Փորձում էի անգամ մարդկանց երջանկացնել իմ դժբախտության հաշվին: Չէի խնայում ոչինչ: Չէի խնայում, քանի որ գիտեի , որ քիչ անց կրկնակին եմ հետ ստանալու:

Շատ էի ուզում տեսնել այն օրը, երբ ես կգտնեմ իմ ներսի ճշմարտությունը, կփոխվեմ, կդադարեմ լինել այն ստոր արարածը, ով կարողանում է այդաստիճան ստել:

Ու չուշացավ այդ օրը: Դա այն օրն էր Երբ օդնոկլասսնիկիի իմ հասցեին մի բարև եկավ: Ես այդ ժամանակ չէի պատկերացնի որ դա այն է, ինչին սպասել եմ: Հանդիպեցի նրան ում փնտրել էի: Նրան , ով սիրեց ինձ այնպես, ինչպես ես երազել էի: Ու ինքս ինձ խոստացա, որ ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ չեմ խաբի նրան: Սակայն իմ ներսում այնքան ուժեղ էր արմատավորվել սուտը, որ մի երկու անգամ ակամա խաբեցի: Մխիթարվում էի նրանով, որ սուտս մեծ չէր: Բայց սուտը մնում է սուտ:
Որոշեցի վերջնականապես փոխվել: Սակայն ինչպես, երբ ապրում ես քո իսկ ստեղծած սարդոստայնում, որտեղից չես կարող համոզել դիմացինին քո ազնիվ մտադրությունների մասին:
Ու գտա ելքը: Թողնել այն “Ստի կայսրությունը” որ ստեղծել էի տարիներ շարունակ, ու կառուցել մի նոր կյանք, որտեղ ես ստիպված չեմ լինի ապրել նախկինի նման:
Թողեցի իմ փոքրիկ քաղաքն ու տեղափոխվեցի մայրաքաղաք: Պոկվեցի այն կեղտից, որը ինքս էի ստեղծել ու ապրում էի դրա մեջ: Պոկվեցի ու … կանգնեցի անորոշության առջև: Ես մոռացել էի ինձ, և նաև չէի կարող ապրել նախկին կյանքով: Սկսվեցին դժվարությունները, ներքին բախումներն ու վիճաբանությունները:
Լինում էին պահեր, երբ պետք էր ասել ճշմարտությունը, սակայն չէի կարողանում, քանի որ հետ էր վարժվել, չէի կարողանում ստել, քանի որ վախենում էի կորցնել այն ինչ գտել եմ երկար տարիների տառապանքից հետո: Ու այս երկուսի միջև ընկած մի հիմարություն էի դուրս տալիս, ու դրանով փչացնում ամեն ինչ:
Հետո կամաց կամաց սովորեցի ասել ճշմարտությունը, անգամ եթե դա ի վնաս ինձ է: Հիմա չէի ասի թե վերջնականապես վերգտել եմ ինձ, սակայն կարող եմ վստահ ասել որ նախկին մարդը իմ մեջ կամաց փոշիանում է:
Բայց այստեղ է որ հայտնվեցի առակի միջի հովիվի տեղում, երբ հովիվը բազմիցս սուտ աղմուկ է բարձրացնում թե գայլերը հարձակվել են ոչխարների վրա,  գյուղացիները հասնում են օգնության և տեսնում որ խաբված են, սակայն երբ իրականում գայլերը հարձակվում են, հովիվի կանչին ոչ ոք չի պատասխանում:

Հիմա շատերը չեն հավատում որ փոխվել եմ: Սակայն դա իրոք այդպես է, քանի որ ես կարողացել եմ Ամենազոր Աստծո օգնությամբ ընտրել ճիշտ ուղին, քայլել մաքուր ճանապարհով, ստեղծելով իմ նոր “կայսրությունը” որտեղ տեղ չեն ունենալու սուտն ու կեղծիքը: Ճանապարհը դժվար է, երբեմն սայթաքում եմ, սակայն նույն ակնթարթին բարձանում եմ և շարունակում եմ քայլել դեպի այն լուսավոր ուղին որ Աստված է ինձ տվել:


Այսքանից հետո ես քեզանից` իմ ընթերցող , սպասում եմ իմ դատավճիռը:
Սա էր իմ պաշտպանական ճառը, որը ես ներկայացրեցի կյանքի դատավարության ժամանակ: Այժմ Ձեր դատավճռիռ տալու պահն է:
Դատեք ինձ :